ՁՄԵՌՆ ԵԿԱՎ Աշնան օրերն անցան երգով, Ծաղիկներով քաղցրաբույր, Եվ ձմեռը պաղ շշուկով Մեր աշխարհին եկավ հյուր: Չորս կողմ փռեց փափուկ սավան, Դաշտը դարձրեց ճերմակ ծով. Ծիլ ու ծաղկին տվեց հրաման. – Քնեք խաղաղ, ապահով: Ասաց. – Սիրո՜ւն ծիլ ու ծաղկունք, Հողի անուշ բալիկներ, Սառնամանիք, մրրիկ ու բուք Չեն խանգարի քունը ձեր: Քնեք երգիս լուռ կարկաչով, Անհոգ, անվիշտ, անկարիք, Եվ արթնացեք գարնան կանչով, Որ տաք հազար բերք, բարիք: Մկրտիչ Կորյուն ԾԱՂԻԿՆԵՐԸ – Ո՞ւր գնացին ծաղիկները: – Սո՛ւս, քնած են հողի տակ, Տաք ծածկըված ողջ ձմեռը Ձյուն-ծածկոցով սպիտակ: Կըգա գարնան արևն էլ ետ Իր շողերով կենդանի, Ձմռան սաստիկ ցրտերի հետ Ձյան-ծածկոցը կըտանի: «Ելե՜ք, կասի, իմ մանուկնե՛ր». Ու հենց նրանք իմանան, Դուրս կըհանեն գլխիկները, Աչիկները կըբանան: Հովհաննես Թումանյան ՁՄԵՌ Նորից ձյուն է մարմանդ իջել, Ճերմակ երազ փռել ճամփին, Ցրտից ծառերն են կծկվել Իմ Եղեգիս գետի ափին: Գլխին դրած ճերմալ գլխարկ Ժայռն է կապել սառցե գոտի, Ու սառույցի կալանքի տակ Մեղմացել է երգը գետի… Գյուղն է բազմել ձորի ափին Ու հեքիաթն է լսում ձմռան՝ Կանա՜չ-կանա՜չ գարնան մասին Ու պատրաստվում եկող ամռան… Վարդգես Խանոյան ՓԱԹԻԼՆԵՐԻ ՏԱԿ Փաթիլներն անիվ թիթեռների պես Հանդարտ խաղալով իջնում են գետին, Ճերմակ են հագել պուրակ ու պարտեզ, Անտառ, այգեստան ու մարգագետին: Մի փունջ մանուկներ ձյունապատ բակում Խաղում են, սղղում, վազվզում զվարթ, Նրանց աչքերը հուր են արձակում, Այտերին՝ կարմիր նորափթիթ վարդ: Զուգված սենյակից կանչում է, խնդրում Ջերմ բոցկլտացով վառարանը տաք, Բայց մանուկները խաղում են, խնդում Ձյունի գեղեցիկ փաթիլների տակ: Սարմեն ՓԱՓՈՒԿ ՁՅՈՒՆ Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն, Զգույշ իջիր դաշտերին, Ծաղիկները մտել են քուն, Հողն է նրանց անկողին: Հանդարտ, կամաց իջիր այնպես, Ծաղիկները չարթնանան, Ծածկիր նրանց քնքուշ ու հեզ, Զգույշ, զգույշ անսահման: Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն, Հանգիստ, խաղաղ իջիր վար, Ծաղիկները մտել են քուն, Ծաղիկները ցրտահար: Գեղամ Սարյան ՈՂՋՈՒՅՆ ՁՄԵՌ Ճերմակ-ճերմակ, մի հաստ վերմակ Իջավ հողին այս գիշեր, Մի ձեռք թաքուն մեր ապակուն Քաշեց սառցե բյուր նախշեր: Երդիկներից ծուխը նորից Ելնում է վեր, ինչպես սյուն: Ձնհալն ասես՝ դիմելով մեզ, Ավետում է, ավետում է, Ձյուն, ձյուն, ձյուն… Ի՜նչ խաղաղ է, ինչքա՜ն պաղ է, Ողջույն, ողջույն քեզ, ձմեռ, Եվ խաղում ենք, և երգում ենք, Ողջույն, ողջույն, ողջուն քեզ, ձմեռ: Ինչ խաղաղ է, ինչքան վաղ է, Ողջույն, ողջույն քեզ, ձմեռ, Եվ խաղում ենք, և երգում ենք, Ողջույն, ողջույն, ողջուն քեզ, ձմեռ: Մեղմիկ, թեթև իջան ներքև Ճերմակ-ճերմակ փաթիլներ, Պարտեզ, պուրակ ննջել են, տես, Էլ չեն երգում առվակներ: Ձնհալն ասես՝ դիմելով մեզ, Ավետում է, ավետում է, Ձյուն, ձյուն, ձյուն… Ի՜նչ խաղաղ է, ինչքա՜ն պաղ է, Ողջույն, ողջույն քեզ, ձմեռ, Եվ խաղում ենք, և երգում ենք, Ողջույն, ողջույն, ողջուն քեզ, ձմեռ: Ինչ խաղաղ է, ինչքան վաղ է, Ողջույն, ողջույն քեզ, ձմեռ, Եվ խաղում ենք, և երգում ենք, Ողջույն, ողջույն, ողջուն քեզ, ձմեռ: Սուրեն Մուրադյան